«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ոչինչ դեռ ավարտված չէ՝ պայքարը շարունակվելու է

Ոչինչ դեռ ավարտված չէ՝ պայքարը շարունակվելու է
23.06.2015 | 11:59

Երկու տարբեր իրավիճակներ մի գիշերում՝ եթե երեկ հայ ոստիկանները դրսևորում էին իրենց «նոր որակները» Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիների նկատմամբ, լուսադեմին նրանք մեկ հրամանով վերադարձան իրենց բուն որակներին՝ քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցների բուռն աջակցությամբ:

Ի՞նչ կատարվեց երեկ գիշերն ու այսօր լուսադեմին:
Ազատության հրապարակից մինչև նախագահական երթը չստացվեց, կասեցվեց Գրողների միության մատույցներում՝ դեմ առ դեմ ոստիկանական ջոկատներին երիտասարդները կանգ առան, դա նրանց առաջին սխալն էր, երկրորդ սխալը արդեն լուսադեմին էր: Մինչև ժամը 05.40-ն ամեն ինչ խաղաղ էր, շատերը քնած էին, երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նորից առաջարկեց ցանկացած հրապարակ տեղափոխվել ու ազատել Բաղրամյան պողոտան: Ինքնին հասկանալի էր, որ այդ պահանջը չի կատարվի, նույնքան հասկանալի էր, որ մի ամբողջ գիշեր «աննախադեպ հանդուրժողականություն» դրսևորած իրավապահներն անցնելու են գրոհի: Ջրցան մեքենայի շիթերի տակ չցրվող ցուցարարներին տեղահան արեցին արդեն առանձնահատուկ դաժանությամբ ու անբացատրելի թշնամանքով: Կոտրվող տեսախցկների, հեռախոսների, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների ու ցուցարարների միջև ոչ մի տարբերություն չդնող իրավապահների գործողությունները որևէ օրենքի մեջ չեն տեղավորվում: Բողոքի խաղաղ ակցիան այդ կերպ ցրելուց հետո, երբ առաջին շարքերի ցուցարարներին արդեն տեղահանել էին, իսկ մյուսները, հավատալով Վալերի Օսիպյանին փորձում էին տեղափոխվել Ազատության հրապարակ, իրավապահները ձեռնամուխ եղան դյուրահավատների հետ հաշիվերը մաքրելուն: Ու դա ցուցարարների երկրորդ սխալն էր: Նրանց Ազատության հրապարակ չհասած՝ հավաքեցին առավել դաժանությամբ: 237 բերման ենթարկվածների ճակատագիրը ոստիկանական բաժանամունքներում միանգամայն «սովոր» սցենարով է զարգացել: Ավանդական ծեծն ու ջարդը: Տասնյակ ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոց:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում և ափսոսում է, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց միջից 3-4 առաջնորդ ընտրել և հանդիպել ՀՀ նախագահի հետ: «Նախագահի մեսիջը նրանց, նախագահի հրավերը նրանց շատ կարևոր քայլ էր, որ իշխանությունը, ՀՀ նախագահը պատրաստ է լսել ցուցարարներին, որ պատրաստ է դիալոգի: Սա լայնախոհության նշան է, որը նոր որակ կհաղորդեր ամեն ինչին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Բայց «մոռացել է» ասել, թե ինչ եղավ այդ «լայնախոհության» հետ մի քանի ժամում: Ակնհայտ էր, որ երեք օր Ազատության հրապարակում նստացույց անելուց և որևէ պաշտոնյայի ուշադրությանը չարժանանալուց հետո երիտասարդները պարզապես չէին կարող երեք-չորս հոգով նախագահական գնալ՝ փողոցում թողնելով մյուսներին: Լայնախոհության իսկական դրսևորումը կլիներ, եթե նախագահը գնար նրանց ընդառաջ և բերեր իր փաստարկները, հորդորեր ցրվել: Եթե դա չափազանց խիզախ ու Հայաստանյան իրականության համար աննախադեպ քայլ էր, կարող էր պատվիրակություն ուղարկել: Վալերի Օսիպյանին իբրև իշխանության միակ ներկայացուցիչ ցուցարարների հետ թողնելը արդեն վկայում էր, որ ամեն ինչ նախապես ծրագրված է և հետևելու են քանիցս կրկնված գործողությունները: Այնուամենայնիվ, անբացատրելի ու անհասկանալի է՝ ինչու՞ էին բացարձակապես անզեն ու խաղաղ ցուցարարների հետ վարվում այդքան բիրտ ու անմարդկային: Հայտնի սցենարով արդեն Բաղրամյան պողոտայում կհայտնվեն, իբր, ցուցարարներից խլված սառը զենքեր ու ոստիկանությունը իր գործողությունները կարդարացնի օրինականության պահպանման անհրաժեշտությամբ: Պատահաբար չէ ՀՀԿ խոսնակը անթաքույց հիանում ոստիկանության «համբերատար, քաղաքակիրթ գործողություններով, առանց որևէ անհամաչափ ուժի գործադրման» և իր բնորոշմամբ՝ «փոքրիկ տեխնիկական, ոչ ցանկալի դեպքերի» մեղավոր համարում տարբերանշաններ չունեցող լրագրողներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչու՞ այսպես եղավ: Երիտասարդական պայքարի անփորձությունը, քաղաքական փորձի բացակայությունը, մաքսիմալիզմն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ ու արդար պայքարում հաղթանակի հասնելու կամքը մի կողմ: Այսպես եղավ, որովհետև մի քանի հարյուր երիտասարդները թիկունքում չունեցան մի քանի հազար քաղաքացիների, որ պիտի գնային նրանց աջակցության և Բաղրամյան պողոտայի վերևից ու ներքևի հատվածներից շրջափակեին ոստիկաններին: Այդ դեպքում խոսակցությունը այլ տեղ ու այլ տոն կունենար: Ջարդելով սոցիալական բունտի դուրս եկած քաղաքացիական նախաձեռնության երիտասարդներին՝ իշխանությունը չի կարող հույս ունենալ, որ նրանք հանձնվելու են իրենց ողջախոհ ծնողների պես, նրանք շարունակելու են պայքարը: Նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունը բացահայտ կանգնեց Բիբինի թիկունքին, իսկ հասարակությունը իրենց թիկունքը բաց թողեց:

Դիտվել է՝ 2207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ